Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում: Բորիս Բիմ-Բադ

Բորիս Բիմ-Բադը ռուս ականավոր մանկավարժ է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայական-տիեզերաբանական միջազգային ընկերության (МФКО) անդամ։ Նա մանակավարժության մեջ արմատական փոփոխությունների կողմնակից է, իր ուսումնասիրություններով ու կարճ հոդվածներով (ինչպիսին սա է) հիմնավորում է այդ փոփոխությունների ինչպես անհրաժեշտությունը, այնպես էլ ուղղությունը։ Հոդվածն ուղղված է լայն հասարակությանը։ Հայ ընթերցողին, ով դպրոցի կարծրատիպ ունի և ողջ համառությամբ ընդդիմանում է փոփոխություններին, կարող է օգտակար լինել ներկայացվող հոդվածը՝ որպես միջազգային ասպարեզում մանկավարժական մոտեցում։ 

Հասմիկ Ղազարյան

Դաստիարակին և ուսուցչին իշխանություն է տրված իրենց խնամքին հանձնված աճող մարդու հոգու ու ճակատագրի վրա։ Հարկ է հիշել, որ այդ իշխանությունը մեծ է, դրա համար էլ չարաշահելու կամ դա անփույթ կիրառելու վտանգը կա։ Երբ սա մոռացվում է, անկախ մեր բարի նպատակներից, թաքուն չարիք է հյուսվում։ Դուրս պրծնելով՝ չարիքը մեզ հանկարծակիի է բերում. «Որտեղի՞ց, ինչո՞ւ։ Չէ՞ որ մենք մենակ լավն էինք ցանկանում»։

Դաստիարակին ու ուսուցչին է պատկանում դատելու, մահապատժի ենթարկելու, ներում շնորհելու, գնահատելու, բնութագրելու, ընտրելու, թույլ տալու-չտալու իրավունքը։ Ուսուցիչը փոքր, դասասենյակի մասշտաբով տնօրեն է։ Չափազանց երկար ժամանակ է՝ այդ գործառույթը ոչ պաշտոնապես վերագրված է, նույնիսկ «գիտության» հեղինակավոր կարծիքով շնորհված է ուսուցչին, և կորած է նա, ով դրանից կշեղվի։ Իսկ հիմա հաշվի առեք սոցիալ-հոգեբանական գործընթացների, պատմության ինքնավերարտադրման հսկայական իներցիան և կտեսնեք, թե որքան դժվար է հաղթահարել չարիքը։ Մանավանդ որ մինչև օրս ակադեմիական ազատություն չկա, իսկ դրա հետ էլ՝ սեփական արտադրանքի համար պատասխանատվություն, կատարվող ամեն ինչի նկատմամբ արդյունավետ հսկողություն և հասարակական հետաքրքրություն։

Բոլոր առարկաների մեր դասագրքերը առավելապես դոգմատիկ են. դրանցում շարադրվում է ինչ-ինչ մտացածին «վերին ատյանի ճշմարտություն», այն դեպքում, որ գիտությունը հենց համաշխարհային քննարկում է, և գիտության մեջ մտցնել, նշանակում է այդ քննարկման մեջ մտցնել։ Հակառակ դեպքում «լուսավորյալները» պատով բաժանվում են երկրի ու աշխարհի ճշմարիտ մշակութային, գաղափարական, հոգևոր, գիտական կյանքից։

Չնայած, այսպես կոչված, միջառարկայական կապեր հաստատելու հատուկենտ փորձերին, ամեն ուսուցիչ մղում է երեխաներին իր գիտության հիմունքներն ուսումնասիրելուն՝ մյուսներից միանգամայն առանձին։ Դպրոցականը դասերի գումարից դուրս է բերում տեղեկությունների խճանկարային մի ինքնանպատակ համակցում, ոչ թե աշխարհի պատկերը, քաոս, ոչ թե աշխարհայացք. գրեթե անօգնական մնում կյանքի բարդ, ստեղծագործական կարողություններ պահանջող խնդիրներ լուծելիս։ Դեսից-դենից կցկտուր տեղեկությունները ո՛չ կյանքին են պատրաստում, ո՛չ աշխատանքին։

Կրթության ձևն ակամա հարմարվում է ամբողջ արտադրանքի պահանջարկին։ Այստեղից՝ անհանդուրժողականության խրախճանքը դպրոցում, կեղծավորությունն ու կլանային «էթիկան», մեծամասնության կողմից փոքրամասնության ճնշումը, դաժանությունը, պաշտոնատարների անպարկեշտությունը, կոպտությունն ու անտարբերությունը։

Դպրոցականներն ուսումնական գործընթացից չափազանց հաճախ են դատարկված ու սպառված դուրս գալիս, որովհետև ձևական ու կյանքից կտրված ուսուցումը նրանց զրկում է հոգեկան ու ֆիզիկական ուժերի ազատ խաղից, մի խաղ, առանց որի մարդը գոյություն չունի։ Դպրոցական իրականությունը երեխաների, նրանց ներքին՝ անհատական ու խմբային կյանքի նկատմամբ տարիների հետ ավելի ու ավելի կամայական է դառնում։

Դպրոցը ժամանակ է սպառում, ըստ էության՝ իրենց խնամարկյալների կյանքը՝ չփոխարինելով դա նրանց ընդունակությունների ազատ զարգացմամբ։ Աճող մարդու մարդկային էությունն արտաքին նպատակներին է զոհաբերվում, այնինչ լավ դպրոցի գերագույն նպատակն իրականում պիտի անհատականության զարգացումը լինի։

Երեխաները խորթացած են նաև հասարակական կյանքի իրական ընթացքից, դրան նրանց մասնակցությանը հետևելն անհնար և ապարդյուն գործ է։ Մեր դպրոցը «իբր կոլեկտիվ լինելու» խտացված արտահայտությունն է։ Երեխան ոչ այնքան ապրում է դպրոցում, որքան իր ոչմեծահասակության համար ծառայություն է անցնում։ Դրա համար էլ դպրոցներում չկա ամբողջական, միասնական կոլեկտիվ։ Նշանակում է՝ այդպիսի դպրոցը, խորացնելով հայրերի և որդիների մեջ հավերժական հակասությունը, տարբեր սերունդների արդյունավետ համագործակցության մոդել չէ։

Այնինչ դպրոցը կոչված է սովորեցնելու բոլորին համագործակցել բոլորի հետ, նաև երեխաներին մեծերի հետ։ Հակառակ դեպքում կողոպտիչներն ու բանդիտներն են առաջվա պես տիրելու աշխարհին, որն այդքան դժվարությամբ և այդքան դանդաղ սովորում է անկախ լինել, ինչը, ըստ էության, հենց մարդկության փրկությունն է։

Իրենց համար օտար և իրենցից հեռու տեղեկությունը յուրացնել ստիպելը, որ որպես հարցերին տրվող պատրաստի պատասխաններ՝ դասագրքի և ուսուցչի կողմից փաթաթվում են մարդու վզին, միշտ եղել և հիմա էլ մնում է «քողարկող» կրթություն։ «Պեդանտ[1] դասավանդողը, որի ամբողջ գործունեությունը պատրաստի պատասխաններ, խնդրի լուծման պատրաստի սխեմաներ ներշնչելուն է հանգում, դրանով ոչ միայն իր աշակերտների միտքը չի զարգացնում, այլև դրդում է, որ այդ միտքը քնի, քայքայվի նաև այնտեղ, որտեղ դա գոյություն ունի իրենից անկախ»,- գրում է ականավոր փիլիսոփա և հրապարակախոս Է. Վ. Իլյենկովը։ «Դրանով պեդանտը չմտածող մարդ է դաստիարակում և զբաղվում է պեդանտների նոր սերնդի ընդլայնված վերարտադրությամբ, այսինքն՝ այնպիսի մարդկանց վերարտադրությամբ, ովքեր գիտեն այն, ինչ իրեն ներշնչել են, բայց ի վիճակի չեն ինքնուրույն ինչ-որ բան սովորելու»։

Սրանով ինչի՞ են հասնում։ Առավելապես կատարողական գործառույթների առաքելությամբ նոր սերունդներ են պատրաստում։ Իսկ մշակույթները, ստեղծագործությունները, ճշմարիտ աշխարհահայացքը և քննադատական մտածողությունը հորիզոնում չեն երևում։

Աղբյուրը՝ ,,Դպիր,, մանկավարժական ամսագիր

15 комментариев на “Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում: Բորիս Բիմ-Բադ

  1. marinesahakyan

    Ոսուցիչ լինելը մեծ պատասխանատվություն է: Ուսուցչի ուսերին է դրված ձևավորվող անհատի հարցը, և խրատելիս շատ ուշադիր պետք է լինի, որ հանկարծ չկոտրի իր առջև կանգնած ձևավորվող անհատին: Ուսուցիչը հնարավորինս պետք է նպաստի սովորողի քննադատական մտքի զարգացմանը, ստեղծագործ մտքի զարգացմանը, օգնի սովորողին տեսնել խնդիրը և առաջարկել իր լուծումը, մերժի սովորողի «չգիտեմ, չեմ կարողանում» հասկացությունները և ուղղորդի դեպի փնտրելը և գտնելը: Սովորողին կյանքին լիարժեք պատրաստելու համար ուսուցիչների առանձին մոտեցումը բավարար չէ, հարկավոր է դպրոցը որդեգրի անհատ, քաղաքացի ձևավորելու իր քաղաքականությունը, և յուրաքանչյուր ուսուցիչ այդ քաղաքականության կրողը լինի:

    Нравится

  2. sahakyanshoxik

    ․․․ Երեխան ոչ այնքան ապրում է դպրոցում, որքան իր ոչմեծահասակության համար ծառայություն է անցնում։
    Այս նախադասությունը, չգիտես ինչու, առանձնացրեցի ինձ համար, որտեղ հեղինակը, կարծես, փորձում է ցույց տալ, որ մենք երեխաներին մեղադրում ենք երեխա լինելու համար, բայց, չէ՞ որ վերջիններս երեխա լինելու իրավունք ունեն։ Կրթական համակարգի փոփոխությանը հասնելու համար, յուրաքանչյուրս ինքն իրենից պետք է սկսի այդ՝ փորձելով դառնալ ոչ թե թելադրող, անգիր արող, այլ մտածող, սեփական մտքերն ու զգացմունքներն արտահայտել կարողացող ու սխալվելուց՝ չվախեցող։ Կարևորն այն է, որ սովորողն անկաշկանդ, աներկյուղ կարողանա արտահայտվել։

    Нравится

  3. mayranushhambardzumyan1985

    Հեղինակի հոդվածը, ցավոք, արդիական է մեր օրերում, նա նկարագրում է այսօրվա մեր կրթական համակարգի տիպիկ մոդելը, որտեղ շեշտը դնում են անգիր անելու, պատրաստի պատասխաններն ու սխեմաները, ինչպեա հեղինակն է նշում, յուրացնելու վրա։ Իսկ ու՞ր մնաց երեխայի անհատական առանձնահատկությունները հաշվի առնելը, չէ՞ որ մենք ապրում ենք ազատ մտքի միտումով և յուրաքանչյուրին պետք է տրվի հնարավորություն ընտրելու. միգուցե նա չի ուզում դա անգիր անել, միգուցե նա այլընտրանք է ուզում, և այստեղ ի հայտ է գալիս մանկավարժի փորձառությունը. նա պետք է հնարավորություն տա երեխային ընտրելու այն տարբերակը, որը հենց երեխային է հարմար, այլ ոչ թե իրեն։ Այո’, ուսուցչի վրա ընկած է մեծ պատասխանատվություն. նա պետք է կարողանա շատ ճիշտ օգտագործել իր դերը երեխային ներկա և ապագա հասարակության մեջ ներգրավելու գործում։

    Нравится

  4. sonakeheyanblog

    ՈՒՍՈՒՑԻՉ այնքան ասելիք է պարունակում այս մեկ բառը: Շատ պատասխանատու և բարդ աշխատանք է իրականում։ Ուսուցիչը նա չէ ով կարողանում է այնպես անել, որ երեխաները սովորեն կամ անգիր անեն այն ինչ արդեն գրված է դասագրքերում, այլ ուսուցիչը պետք է կարողանա սովորեցնել երեխաներին ազատ մտածել՝ ունենալով սեփականը։
    Երբեմն զարմանում եմ, թե ինչպես երեխաները չեն ուզում գնալ դպրոց կամ խուսափում են ուսուցչի հետ շփումից, և կարծում եմ, որ հենց այս կետից էլ սկսվում են հետագա կյանքում ինքնաարտահայտվելու խնդիրները։

    Нравится

    1. flouradavtian6028

      Հոդվածում  «Ուսուցիչ» կոչման շատ կարևոր և  առանցքային գծերի մասին է խոսվում: Ուսուցչությունը դարերի խորքից մեզ հասած արժանապատիվ կոչում է: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է քաջ գիտակցի իր դերի, կոչման նշանակությունը: Նա կրում է անհամեմատելի  մեծ պատասխանատվությունը մատաղ սերունդ դաստիարակելու , կրթելու և  մարդ տեսակ ձևավորելու  նվիրյալ գործում: Ուսուցիչը նախևառաջ պարտավոր է լինել առաքինի, որովհետև յուրաքանչյուր աշակերտ նայելով ուսուցչին սովորում է նրանից այն, ինչ տեսնում է նրա մեջ: Մենք պետք է ոգեշնչենք մեր սաներին, լինենք այն լույսը, որով կլուավորենք նրանց միտքը, հոգին և ճանապարհը:
      Ուսուցիչը  հաջողությունը պայմանավորված  է թե՛ անձնային, թե՛ մասնագիտական որակններով: Այս կոչումը պահանջում է անընդհատ ինքնակրթվել, զարգանալ, քայլել ժամանակակից մարտահրավերներին համընթաց: Ի վերջո ուսուցչի  դերից  և աշխատանքի որակից է կախված, թե ինչ անհատներ կյանք կմտնեն և ինչպես կկերտեն իրենց ապագան:

      Нравится

  5. Անահիտ

    Հոդվածը հետաքրքիր էր և արդիական։ Հոդվածագիրը իրավացիորեն նշում է. 《Բոլոր առարկաների մեր դասագրքերը առավելապես դոգմատիկ են. դրանցում շարադրվում է ինչ-ինչ մտացածին «վերին ատյանի ճշմարտություն», այն դեպքում, որ գիտությունը հենց համաշխարհային քննարկում է, և գիտության մեջ մտցնել, նշանակում է այդ քննարկման մեջ մտցնել։ Հակառակ դեպքում «լուսավորյալները» պատով բաժանվում են երկրի ու աշխարհի ճշմարիտ մշակութային, գաղափարական, հոգևոր, գիտական կյանքից》։
    Այո՜, շատ կարևոր է երեխայի մոտ առողջ քննադատական միտքը զարգացնել։ Գուցե այդ քննադատությունը տուրք կտա նոր բացահայտումներին։
    Կարծում եմ՝ միշտ չէ, որ երեխան պետք է հարմարվի ուսուցչին և դասագրքերին. ուսուցիչը նույնպես պետք է իր գործունեությամբ հարմարվի երեխային։
    Ցավոք, պետք է նշել, որ ներկայիս դպրոցները չեն նախապատրաստում կյանքին։

    Нравится

  6. Уведомление: ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ — Ֆլորա Դավթյան

  7. Уведомление: Բորիս Բին -Բադի – «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

  8. sofyamamyan96

    Հոդվածագիրը ևս մեկ անգամ շեշտը դնում է սովորողի ազատության, ինքնքճանաչման, մտքերը ազատ ու անկաշկանդ արտահայտելու վրա։ Եվ այդ ամենը փորձում է փոխանցել արժանապատիվ ուսուցիչների միջոցով, ովքեր իրենց կամքը չեն թելադրում սովորողին, այլ փորձում են լսել, քննարկել, առաջարկել ու սովորողի հետ միասին որոշումներ կայացնել։ Չէ որ սովորողը իրավունք ունի իր կարծիքն արտահայտել այն նյութի վերաբերյալ, որը պետք է սովորի․ այլ հարց է արդյո՞ք անհրաժեշտ է սովորողին այն նյութը, որը տարիներ շարունակ հրամցնում են նրան։ Նախ ուսուցիչը պետք է երեխայի մոտ զարգացնի մտածելու, դիտարկումներ անելու, ստեղծագործելու կարողությունները։ Բացի այդ, ուսուցիչն ինքը պետք է անընդհատ զարգանա, ինքնակրթվի, նոր բացահայտումներ անի։

    Нравится

  9. varsinemakaryan

    Բորիս Բիմ-Բադի հոդվածը բավական արդիական է։ Այո, ուսուցչի դերը շատ մեծ է և պատասխանատու։ Ուսուցիչը և՛ իր քայլերով սովորողին կարող է ուղղորդել ու օգնել` նվաճելու իր երազած բարձունքները, կայանալու իբրև անհատականություն, և՛ կարող է գլորել դեպի միջակության տիղմը։ Յուրաքանչյուր երեխա անհատ է, ունի իր առանձնահատկությունները, ուրույն հետաքրքրությունները։ Ուսուցիչը պետք է նպաստի սովորողին` դրսևորվելու որպես անհատականություն, զարգացնելու իր հետաքրքրություններն ու նախասիրությունները, ունենալու սեփական ես և կարծիք։

    Нравится

  10. annavarosyan

    Այս հոդվածում մեծ գիտնականը մանկավարժության, դպրոցի մասին շատ կարևոր թեմաներ է արծարծել: Այստեղ ասվում է, որ մանկավարժն է տերը աճող երեխայի ճակատագրի: ՈՒ այո՛, դա այդպես է , մի չնչին սխալից, անփույթ վարմունքից կարող ես պատճառ դառնալ երեխայի հոգեկան ներաշխարհի խաթարմանն ու սխալ քայլերի դրդմանը:Անասելի մեծ ու որոշիչ է մանկավարժի դերը երեխայի կյանքում: Դե իսկ հեղինակի ասած դասագրքերում հանդիպող <> փաստն անհերքելի է: Ոչինչ մատչելի չի դպրոցականի համար, տրված են զուտ գիտական չոր սահմանումներ, որոնք երեխան պարզապես անգիր է անում ու հետո անգամ չի էլ հիշում: Ոչինչ արված չի մատչելի ուսուցման համար, որ երեխան սովորի ու ըմբռնի սիրով:ՈՒ դրանից է, որ երեխան դպրոցից դուրս է գալիս հոգնած ու սպառված: Այս ամենից հետո երեխան չի ուզում էլ դպրոց վերադառնալ:

    Нравится

  11. kirakosyananna

    ՈՒՍՈՒՑԻՉ․ այնքան ասելիք կա այս բառի մեջ։ Ուսուցիչ լինել առաջին հերթին նշանակում է ՄԱՐԴ լինել ։Ուսուցչի դերը շատ մեծ է, և պատասխանատու։ Ներկայիս դպրոցներում նկատում ենք այնպիսի ուսուցիչներ, ովքեր սովորողին խրախուսելու փոխարեն, նրան ավելի են թևաթափ անում, որը հետագայում շատ վատ է անդրադառնում նրա կյանքի վրա։ Ուսուցիչը, պետք է կարողանա սովորողների մեջ գնահատել այնպիսի արժեքներ, ինչպիսիք տեսանելի չեն մյուսների համար։ Ուսուցչի առաջին քայլերից է,երեխայի մեջ անհատականություն ձևավորելը, սեփական կարծիք ունենալը։

    Нравится

  12. Lusinesargsyanblog

    Շատ հետաքրքիր էր ընթերցել հոդվածը։ Բորիս Բիդ-Բադը՝ ռուս ականավոր մանկավարժը, իր հոդվածում ուսուցչին տվել է հետաքրքիր նկարագրություն։ Ուսուցչի դերը շատ մեծ է սովորողի կյանքում։ Դաստիարակը կամ ուսուցիչը պետք է նպաստի շրջապատի մարդկանց նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի ձևավորմանը, օգնի սովորողին դառնալու աշակերտական կոլեկտիվի լիիրավ անդամ, ձևավորի և զարգացնի ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանց համար պատասխանատու լինելու գիտակցություն, նպաստի սովորողների ինքնադրսևորման և ինքնաարտահայտման հմտությունների ձևավորմանը։ Դպրոց հաճախող սովորողը պետք է հասկանա՝ ինչու՞ եմ դպրոց հաճախում, բարեկիրթ վարքագիծ և հարաբերություններ պետք է ունենա դպրոցում սովորողների հետ, նկարագրի տարբեր իրավիճակներում ունեցած իր հույզերը, նկարագրի իր նախասիրությունները։ Եվ այս ամենին կարող է հասնել այն ուսուցիչը, ով սիրում է իր աշխատանքը: Եթե ուսուցիչը սիրում է սովորողին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր սովորողին: Եթե ուսուցիչը սիրում է և՛ իր աշխատանքը, և՛ իր սովորողին, նա կլինի կատարյալ ուսուցիչ:
    «Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին»: Շառլոթ Բրոնտե

    Нравится

  13. Уведомление: Մանկավարժական ակումբի գործունեություն — Ֆլորա Դավթյանի բլոգ

  14. Уведомление: Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում: Բորիս Բիմ-Բադ – Գոհար Աթիկյան

Оставьте комментарий